Մեդիագրադարան

Դոնալդ Բիսեթ․ Պահմտոցի

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը եւ հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ է։

  1. Որտե՞ղ էր թաքնվում Մութը:
  2. Ինչի՞ հետ էր Մութը պահմտոցի խաղում:
  3. Մութն ինչպե՞ս էր թաքնվելու արևից:
  4. Ի՞նչ էին անում փոքրիկ շերտերը:
  5. Որտե՞ղ թաքնվեց մթի շերտիկը: